Սոցիոլոգ Մարինա Գալստյանի նոր հետազոտությունը երիտասարդների կարիքների, հնարավորությունների ու ապագայի պատկերացումների վերաբերյալ։

«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը ներկայացնում է ժամանակակից հայ երիտասարդության սոցիալական իրականության բազմակողմանի վերլուծությունը՝ հիմնված քանակական և որակական հետազոտական տվյալների վրա։ Աշխատությունում քննարկվում են երիտասարդների կրթական ուղիները, զբաղվածության հնարավորությունները, քաղաքական և քաղաքացիական մասնակցության պրակտիկաները, կենսակերպը, միգրացիոն տրամադրությունները և ապագայի պատկերացումները՝ հետպատերազմյան և արագ փոփոխվող հասարակական պայմաններում։

Մենագրությունը բացահայտում է այն հակասական միջավայրը, որտեղ Հայաստանի երիտասարդները միաժամանակ բախվում են անորոշությանը, ռիսկերին և կառուցվածքային սահմանափակումներին, սակայն շարունակում են պահպանել հույսը՝ որպես ապագային միտված դիրքորոշում։ Գիրքը նպատակ ունի նպաստելու Հայաստանում երիտասարդության հիմնախնդիրների գիտական ըմբռնմանը և երիտասարդական քաղաքականությունների մշակմանը։

Մենագրությունը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։